ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ քարոզարշավի ընթացքում օգտվելու է բոլոր հասանելի միջոցներից՝ լրատվամիջոցների հետ հանդիպումներից մինչև դռնեդուռ հանդիպումներ ընտրողների հետ: Այդ մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքայն ուղիղ եթերում:

Արմեն Աշոտյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում:

«Մեկնարկում ենք քարոզարշավը... Օգտագործելու եմ ցանցային հարթակը, հատկապես ֆեյսբուքը: Բուն շփումը ընտրողների հետ կազմակերպելու եմ դռնեդուռ սկզբունքով: Փորձելու եմ այցելել մարդկանց բնակարաններ, մտերմիկ զրուցել, լսել, բացատրել, թե ինչ կարող ենք տալ ես ու իմ քաղաքական թիմը: Ակտիվ կմասնակցեմ նաև հեռուստաբանավեճերի»,- ասել է Աշոտյանը:

Նա հավելել է նաև, որ լոկալ հարցեր լուծելով չի զբաղվելու:

Աշոտյանը համարում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնացել՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի քննադատությունը:

«Վարչապետը ստիպված եղավ ընդունել մեր քննադատությունը և գնալ արձակուրդ: Նշանակում է՝ նա իր թիմում ոչ ոքի չի վստահում, շատ լավ գիտի, որ չունի երկրորդ, երրորդ համար: Նա կարծում է, որ եթե ինքը չվարի քարոզարշավը, իր գործերը լավ չեն գնա»,- ասել է Աշոտյանը: