ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն վստահության քվե է ակնկալում ժողովրդի կողմից մի քանի պատճառներով:

«Մենք մեզ պատասխանատու ենք զգում, որովհետև մարդը պատասխանատու է նաև այն դեպքում, երբ չի փորձում խոչընդոտել այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Երբ դու դիտորդի կարգավիճակում ես, էլի պատասխանատու ես։ Չենք ուզում դիտորդի կարգավիճակում լինել։ Մենք ամբողջությամբ գիտակցել ենք մեր քաղաքական ուղին, այն բացթողումներն ու ձեռքբերումները, որ ունեցել ենք», - ասել է Արփինե Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ վերջին 6-7 ամիսների ընթացքում տեղի են ունենում իրադարձություններ և կատարվել են քայլեր, որոնք իրապես պետք է մտահոգվելու առիթ տան:

«Ես չեմ ուզում տագնապի զգացում առաջացնել, չեմ ուզում ավելորդ երեսպաշտություն անել։ Մտահոգության առարկան պետք է լինի հետևյալը՝ ի՞նչ ենք տեսնում մենք վերջին 6-7 ամսվա ընթացքում։ Տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից ուղղակի փառահեղ քննադատություն՝ ուղղված Հանրապետականի հասցեին։ Ամեն ինչի մասին, եթե Հանրապետականի ինչ-որ լավ քայլ է, այդ մասին չի խոսվում, կարծես դա չի եղել, ինքնին ստեղծված մի երևույթ է։ Եթե թերություն է, պետք է սևացնել, չափազանցնել ու ծայրահեղացնել։ Սա է քաղաքականությունը», - ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ իշխող ուժի կողմից նկատվող երկրորդ երևույթն «ապագայի մասին շենշող խոստումներ տալն է»։

«Խոստումներ՝ լավ եք ապրելու, աշխատավարձեր եմ բարձրացնելու, թոշակներ եմ բարձրացնելու, իհարկե, դրանք երկու մասի կարելի է բաժանել։ Խոստումներ, որոնք տրվել են ու արդեն իսկ չեն կատարվել ու չեն էլ կատարվելու՝ արագաչափեր, կարմիր գծեր, կուտակային կենսաթոշակներ և այլն։ Եվ երկրորդ խումբը, որոնք բացառապես հնչում են բարի ցանկության պես։ Չկա ուղի այդ խոստումների կատարման», - ասել է Արփինե Հովհաննիսյանը։

«Մենք ցանկանում ենք թույլ տալ մեզ բարձրաձայնել այն խնդիրները, որ տեսնում ենք թե մեր արածի, թե չարածի ուժով», - ասել է Արփինե Հովհաննիսյանը: