Հունգարիան մերժել է ԱՄՆ-ի դիմումը երկու ռուսաստանցու արտահանձնելու վերաբերյալ, որոնց Վաշինգտոնը կասկածում է զենքի անօրինական վաճառքի մեջ: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենի նոյեմբերի 27-ի հայտարարության մեջ: Փոխանցում է ankakh.com-ը։

Ինչպես նշվում է, ԱՄՆ-ն պահանջել է հանձնել Վլադիմիր Լյուբիշին ավագին և Վլադիմիր Լյուբիշին կրտսերին՝ համաձայն արտահանձնման մասին պայմանագրի, քանի որ այդ գործով երկիրը ծանրակշիռ ապացույցներ ունի: Սակայն նշված տղամարդկանց ուղարկել են Ռուսաստան: Ընդ որում, ամերիկյան կողմը վստահ չէ, որ հայրենիքում նրանց կդատեն:

«ԱՄՆ-ն հիասթափված է Հունգարիայի կառավարության՝ Լյուբիշիններին Ռուսաստանին հանձնելու որոշումից»,- նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը:

Նրա խոսքով՝ Հունգարիան ԱՄՆ-ի գործընկերն ու բարեկամն է, սակայն տեղի ունեցածը հարցականի տակ է դնում նրա հավատարմությունը իրավապահ մարմինների հետ համագործակցությանը: