Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հնարավոր է չեղարկի այս շաբաթ Արգենտինայում անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում ծրագրվող հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինացի նավաստիների գերեվարման պատճառով։

Թրամփի մեկնաբանությունները հնչեցին այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահը զգուշացրեց Ռուսաստանի հետ «լայնածավալ պատերազմի սպառնալիքի» մասին, իսկ եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ հայտարարեցին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փուլ են դիտարկում նոյեմբերի 25-ի միջադեպից հետո, երբ ուկրաինական երեք ռազմական նավեր և դրանց անձնակազմերը գերեվարվեցին Ռուսաստանի կողմից։

Ռուսաստանի դատարանը որոշում է կայացրել առնվազն երկու ամսով կալանավորել գերեվարված 24 ուկրաինացի նավաստիներից 12-ին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պաշտոնական Մոսկվային և Կիևին զսպվածություն ցուցաբերել, իսկ Էստոնիայի նախագահը մեղադրել է Ռուսաստանին Եվրոպայում պատերազմ վարելու մեջ։