«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները (ավելի քան 50 ներկրող) փակել են Բագրատաշենի հսկիչ անցակետ տանող Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի հատվածը։ Նրանք սպասում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին ասել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը` «Ավտո Գարանտ» ընկերության տնօրեն Սարգիս Սարգսյանը:

Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները բազմաթիվ անգամ սպառնացել են կաթվածահար անել հայ-վրացական սահմանի աշխատանքը։ Հոկտեմբերին և նոյեմբերին նրանք մի քանի բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանի սահմանային հսկիչ անցակետում։

«Փաշինյանի հետ հանդիպմանն ենք սպասում օդում կախված մեր հարցը լուծելու համար։ Պահանջում ենք վերացնել արգելքը, որը ոչ մեկին պետք չէ»,- ասել է Սարգսյանը։

Նա հավելել է, որ սա ամենահարմար պահն է Փաշինյանին հանդիպելու համար, քանի որ նա նախընտրական արշավի շրջանակում պատրաստվում է մարզ այցելել։

Ներկրողները մի շարք քննարկումներ են անցկացրել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում։ Ներկրողների հետ վերջին հանդիպումը կայացել է հոկտեմբերի 30-ին նախարարությունում։ Նոյեմբերի 7-ին նախարարությունը հավանության է արժանացրել ներկրողների առաջարկները, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի կառավարությունը։

Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։ Ներկրողները պահանջում են չեղարկել արգելքը, քանի որ նրանք մեծ վնասներ են կրում։ Ավելի քան 2500 ավտոմեքենա ներկա պահին Վրաստանի տարբեր քաղաքներում են, մոտ 150 մեքենա` հայ-վրացական սահմանի չեզոք գոտում։ Ավտոմեքենաները չեն կարողանում Հայաստան բերել արգելքի պատճառով։