«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների 2019թ. նախատեսվող սակագնի բարձրացում չի լինի: Այդ մասին ասվում է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության հայտարարության մեջ:

«Վեոլիա ջուր» ընկերությունն ընդունել է ներկայացված առաջարկը և հետաձգում է 2019թ. համար մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների գումարային մանրածախ սակագնի օրինական բարձրացման կիրառումը:

Համաձայն վարձակալության պայմանագրի և ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված թիվ ԼՋ 0001 լիցենզիայի` յուրաքանչյուր տարի նախատեսվում է ընկերության կողմից բաժանորդներին մատուցվող խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների, այդ թվում` մանրածախ սակագների վերանայում (ճշգրտում):

Գործող օրենսդրության պահանջներին համապատասխան` «Վեոլիա Ջուր» ընկերությունը սույն թվականի օգոստոսին ՀՀ ՀԾԿՀ-ին ներկայացրել էր սակագները վերանայելու (ճշգրտելու) հայտ 2019թ. համար: Այն նախատեսում էր մոտ 14 ՀՀ դրամով գործող սակագնի բարձրացում 1/խմ ջրի համար, ներառյալ ԱԱՀ-ն:

Նոյեմբերի 19-ին ՀՀ ՀԾԿՀ-ում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել 2019թ. հայտի աշխատանքային քննարկում:

Դրա արդյունքներով, հաշվի առնելով հայտի շրջանակներում իրականացված մանրածախ ջրամատակարարման ծավալների մոնիթորինգի տվյալները, որոշվել է ՀՀ ՀԾԿՀ-ի հանձնաժողովի նիստի հաստատմանը ներկայացնել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող խմելու ջրամատակարարման և ջրահեռացմա ծառայությունների գումարային մանրածախ սակագինը 202,272 դրամ/խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն, սահմանելու վերաբերյալ նախագիծ, ինչը 10,858 դրամով ավելի է 2018թ. գործող սակագնից։

Բաժանորդների սոցիալական բեռը թեթևացնելու համար Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը` վարձակալության պայմանագրի ու լիցենզիայի պահանջներից բխող սակագնի բարձրացումը բաժանորդների նկատմամբ չկիրառելու հնարավորության շուրջ բանակցելու նպատակով՝ առաջարկելով այլընտրանքային ֆինանսավորման եղանակ։

Նպատակ ունենալով նվազեցնել սպառողների սոցիալական բեռը` «Վեոլիա ջուր» ընկերությունն ընդունել է ներկայացված առաջարկը և հետաձգում է 2019թ. համար մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների գումարային մանրածախ սակագնի օրինական բարձրացման կիրառումը:

Իր հերթին ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեն համաձայնում է դրանով պայմանավորված «Վեոլիա ջուր» ընկերության եկամտի կորստի չափով վերջինիս 2019թ․ներդրումային պարտավորությունները նվազեցնել և հետաձգել, իսկ այդ ընթացքում համակարգում նախատեսված ներդրումներն իրականացնել Ջրային կոմիտեին ծրագրերի իրականացման համար տրամադրված վարկային միջոցների խնայողություններից: