ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանն, անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը աշխատավարձերի բարձրացման մասին, հայտարարել է, որ իրականում դա միֆ է, որից հնարավոր է շահեն բացառապես բարձր աշխատավարձեր ստացողները: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Հովհաննիսյանը նշել է, որ ցածր աշխատավարձ ստացողների (շուրջ 300,000) եկամուտը չի ավելանա` դա «հերթական մանիպուլյացիան» է:

«Ինչու եմ ասում՝ հնարավոր է, որովհետև նախ`մի քանի օր առաջ վարչապետը ասաց, որ եկամտահարկի իջեցումից բարձրանալու են աշխատավարձերը, իսկ երեկ էլ, ինքն իրեն հակասելով, Վանաձորում հայտարարեց, որ այդ նույն բարեփոխման արդյունքում գործատուների հարկային բեռը կնվազի: Իհարկե լավ է, որ օրեր անց Փաշինյանը թե՛ իր և թե՛ հասարկության համար բացահայտեց այդ փոփոխության իրական էությունը: Իբր անապահովների հարցը լուծել էր, հիմա էլ խրախուսում է բարձր աշխատավարձը: Լավ, ասենք, հնարավո՞ր չէ, վարչապետի մակարդակով մի հարցի վերաբերյալ իրար հակասող տեղեկատվություն չհրապարակել»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր.

«Հարջորդ քայլը եկամտահարկի համահարթեցումն է. 36 տոկոս և 28 տոկոս եկամտահարկերը կհամահարթեցվեն 23 տոկոսի: Սա աշխատանք է երկու ուղղությամբ. առաջինը՝ մենք ըստ էության խրախուսում ենք բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը, և երկրորդ՝ մենք 50 մլրդ դրամ «ներարկում ենք» տնտեսության մեջ, ոչ թե հավաքագրում ենք պետական բյուջե՝ թողնելով այն մարդկանց մոտ՝ շրջանառության մեջ: Սա նշանակում է նաև աշխատավարձերի բարձրացում, շատ են ասում պետբյուջեով չի նախատեսվում աշխատավարձի բարձրացում. Մարդկանց եկամտահարկը նվազում է, սա նշանակում է, որ բարձրանում է աշխատավարձը»: