Այսօր՝ 78 տարեկան հասակում, կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը։ Լուրը հաստատել է ՀՀ գործող նախագահի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը։

Մարտին Շահբազյանը ծնվել է 1940թ. հունիսի 25-ին, Երևանում: 1958թ. ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը: 6-րդ դասարանից հաճախել է Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների պալատի լուսանկարչական խմբակ: Դպրոցն ավարտելուց հետո, որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ:

1966թ-ից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում: 1974-76թթ աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից: 1976-2001թթ աշխատել է «Արմենպրես» գործակալությունում:

2001-2010թթ եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցը:

Բազմիցս մասնակցել է միջազգային և հանրապետական ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ: 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը «Ռոյթերս» գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք երկրներում: