«Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրի» համար 2019թ պետական բյուջեով նախատեսվում է 2 միլիարդ 462 միլիոն 514 հազար 800 դրամ՝ 2018թ-ի 2 միլիարդ 168 միլիոն 65 հազար 300 դրամի փոխարեն:

Այս մասին ասել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, փոխանցում է «Արցախպրեսս»-ը։ Նա մանրամասնել է, որ այդ թվում՝ «Ազնվացեղ խոշոր եղջերավոր կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորում» ծրագրով 2019թ-ին նախատեսվում է հատկացնել 150 միլիոն դրամ: Ծրագրի շրջանակում կիրականացվի ֆիզիկակական և իրավաբանական անձանց տրամադրվող ազնվացեղ խոշոր եղջերավոր կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորում:

«Արտեզյան ջրհորների կառուցում, վերանորոգում» ծրագրով նախատեսվում է հանրապետության մի շարք գյուղական համայնքներում իրականացնել նոր արտեզյան հորերի հորատում, նախկինում գործող արտեզյան ջրհորների վերանորոգում՝ հաշվի առնելով այդ համայնքներում ոռոգման ջրի բացակայությունը և մշակաբույսերի բերքատվության բարձրացման անհրաժեշտությունը: Այդ միջոցառման համար 2019թ-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է  հատկացնել 400 միլիոն դրամ:

«Աջակցություն «Տոհմային կայան» ՓԲԸ-ին» ծրագրով 2019թ-ի պետական բյուջեով նախատեսվում է 114միլիոն 514 հազար 800 դրամ, որը կուղղվի ՓԲԸ-ի կողմից պարտավորությունների գծով կատարվելիք վճարումների մարմանը:

«Փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցություն» ծրագրով հանրապետությունում 2019թ-ի պետական բյուջեով նախատեսվում է 450 միլիոն դրամ: Նշված գումարը կուղղվի գյուղատնտեսության զարգացման գործում ռազմավարական նշանակություն ունեցող արտադրությամբ զբաղվող ՓՄՁ սուբյեկտներին աջակցելուն:

«Բազմամյա կերային խոտաբույսերի մշակություն» ծրագրով նախատեսվում է հանրապետությունում կերարտադրության և անասնաբուծության զարգացման նպատակով 2019թ-ին իրականացնել կերային բազմամյա խոտաբույսերի մշակություն (կորնգան, առվույտ) 100 միլիոն դրամ արժեքով՝ նախորդ տարվա 50 միլիոն 247 հազար 200 դրամի դիմաց:

«Հակահրդեհային միջոցառումների իրականացում» ծրագրով հանրապետությունում նախատեսվում է հացահատիկի ցանքսերում շրջվարչակազմերի և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջոցով 2019թ-ին իրականացնել հակահրդեհային պաշտպանիչ միջոցառումներ՝ 30 միլիոն դրամի չափով:

«Դաշտամիջյան ճանապարհների վերանորոգում» միջոցառման նպատակը հացահատիկային և կերային մշակաբույսերի բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար համայնքային և դաշտամիջյան ճանապարհների բարելավումն է, որի համար կհատկացվի 18 մլն դրամ: 2019թ-ին պետական բյուջեի նախագծով նախատեսվում է շրջվարչակազմերի հայտերի հիման վրա իրականացնել 18 միլիոն դրամի չափով աշխատանքներ: