«Հրապարակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն անպայման մասնակցելու է ՀԱՊԿ նիստին
«ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումները քննարկվել են նախորդ օրը Մինսկում տեղի ունեցած ԵԱՏՄ կառավարության ղեկավարների նիստի ընթացքում, որը նման լիազորություններ չունի, ինչը նշանակում է, որ խնդիրն իսկապես գլխացավի է վերածվել այդ կառույցների համար:
Նիստի-հիմնական թեման եղել է ԵԱՏՄ ընդհանուր տարածքի համար գազի գնի նույնականացման հարցը: Սրանով կարծես հող են նախապատրաստում տարեվերջին սպասվող գազի գնի թանկացման համար:
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ քարտուղարին, ապա պետք է ֆիքսել, որ խնդիրը բավականին նուրբ է. եթե Հայաստանը՝ ի դեմս Խաչատուրովի հետկանչի, կատարել է ընդամենը ՀԱՊԿ կանոնակարգի պրոցեդուրային խախտում, ապա Բելառուսը խիստ բովանդակային խախտում է թույլ տվել՝ փակ նիստի կոնֆիդենցիալ խոսակցությունը քննարկելով ոչ անդամ երկրի դեսպանի հետ:
Հիշեցնենք, որ քարտուղարի հարցը մինչ այս քննարկվում էր անդամ երկրների էքսպերտների մակարդակում, ապա՝ նախարարների, իսկ այս պահին վերջնական որոշում չկա, ըստ ամենայնի՝ նաև Պուտինի մակարդակում, վերջնական խաղը կգնա հենց նիստի դահլիճում՝ դեկտեմբերի 6-ին»,- ասել է աղբյուրը:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անպայման մասնակցելու է այդ նիստին»,- գրում է թերթը: