Իրանական լցանավը, որտեղ կա 136 հազար տոննա գերթեթև նավթի խտուցք, Չինաստանի ափերի մոտ բախվել է հոնկոնգյան չորաբեռնատար նավի հետ: Նավում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է BBC News-ը։

Հրշեջները չեն կարողացել մոտենալ այրվող նավին այրման արգասիքների բարձր թունավորության պատճառով: Չինացի փրկարարների գնահատումներով՝ լցանավը կարող է պայթել:

Միջադեպի հետևանքով կորել են նավթատարի 32 անդամները, նրանց որոնումները շարունակվում են: Այս պահին հաջողվել է գտնել մեկ նավաստու մարմին: Դին կտեղափոխեն Շանհայ, որտեղ այն հերձում և ճանաչում կիրականացվի:

Վթարը տեղի է ունեցել հունվարի 6-ի երեկոյան: Sanchi լցանավը, որը պատականում է Իրանի ընկերությանը և նավարկում է պանամական դրոշի ներքո, Չինաստանի արևելյան ափի մոտ բախվել է Հոնկոնգի CF CRYSTAL չորաբեռնատարի հետ:

Նավթատարում ընդհանուր առմամբ եղել է 32 մարդ, նրանցից 30-ը՝ Իրանի քաղաքացիներ են, իսկ անձնակազմի երկու անդամը Բանգլադեշից են: Բախման հետևանքով նրանց հետ կապն ընդհատվել է:

Հոնկոնգի չորաբեռնատարում եղել է անձնակազմի 21 անդամ, նրանց բոլորին հաջողվել է փրկել: ՉԺՀ-ն պատահարի վայր է ուղարկել չորս փրկարարական նավ և երեք նավ՝ վառելիքի տարածումը կասեցնելու համար: Հարավային Կորեան կորածների որոնման համար նավ և ուղղաթիռ է ուղարկել: Ավելի ուշ գործողությանը միացել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը: