Հայաստանի դահուկավազքի առաջնությունն այս տարի առաջին անգամ կանցկացվի Աշոցքում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Հայաստանի այս առաջնությանը մասնակցում է մոտ 50 մարզիկ: Այն վերջին վարկանիշային մրցաշարն է Օլիմպիական խաղերից առաջ: Մեր մրցումներին այս տարի մասնակցում են մարզիկներ Իրանից, Բրազիլիայից: Մասնակցության հայտ ունենք անգամ Մեքսիկայից: Այս տարվա առաջնությունն անցկացնում ենք Աշոցքում, քանի որ Ծաղկաձորում բավականաչափ ձյուն չկա»,-ասաց Սարգսյանը:

Դեռևս հայտնի չէ, արդյոք առաջնությանը կմասնակցի՞ Հայաստանի առաջատար դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: Նա դեռևս վերականգնվում է վնասվածքից:

Հայաստանի առաջնությունը կմեկնարկի հունվարի 12-ին և կեզրափակվի 14-ին: