«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ժամանակավոր մուտքի հնարավորություն է ստացել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք՝ տեխնոլոգիական և շարժական սարքավորումները ձմեռային շրջանին նախապատրաստելու և կոնսերվացնելու համար:

Ընկերության փոխանցմամբ՝ այս աշխատանքներն իրականացվում են սարքավորումներին հասցվող վնասը նվազեցնելու և ծրագրի տարածք մշտական մուտք ապահովելուց հետո շինարարական, հանքարդյունաբերական ու շահագործման աշխատանքների վերսկսման արդյունավետությունն ապահովելու համար:

«Ապօրինի շրջափակումների պատճառով Լիդիանը 2018թ. հունիսի վերջից մուտք չունի ծրագրի տարածք՝ աշխատանքներ իրականացնելու համար: Մինչ մենք շարունակում ենք աշխատանքը կառավարության բոլոր օղակների հետ՝ ստեղծված իրավիճակի համար մշտական լուծում գտնելու ուղղությամբ, մենք նաև գնահատում ենք ընկերության ֆինանսական, ռազմավարական և իրավական այլընտրանքները: Այս ընթացքում կարևոր է գույքը ձմեռային շրջանին նախապատրաստելը: Սա դրական քայլ է, մինչ մենք աշխատում ենք ծրագրի տարածք մշտական մուտք ապահովելու ուղղությամբ»,- ասել է Լիդիանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն: