Կիևը մտադիր է միակողմանի կարգով խզել ավելի վաղ Մոսկվայի հետ կնքած շուրջ 40 պայմանագիր: Այդ մասին TCH հեռուստաալիքի եթերում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը:

«Սակայն դրանց պետք է շատ զգույշ վերաբերվել՝ այն իմաստով, որ այդ համաձայնագրերը «սպանելը» չվնասի մեր քաղաքացիներին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ վերջին շրջանում Ուկրաինան արդեն հասցրել է խզել ՌԴ-ի հետ ունեցած 48 երկկողմանի համաձայնագիր:

Կլիմկինը նշել է, որ այժմ իրենք վերանայում են ռուս-ուկրաինական պայմանագրերի ամբողջ իրավական բազան, քանի որ մինչ 2014թ-ը կնքված համաձայնագրերը փաստացի որևէ իմաստ չունեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից Կերչի նեղուցում ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:

Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Այդ միջադեպից մեկ օր անց Ուկրաինան 30 օրով ռազմական դրություն է սահմանել երկրում: