Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին:

Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության, հանդիպման ընթացքում Կարեն Ղազարյանի ծնողներն անհանգստություն են հայտնել որդու առողջական վիճակի հնարավոր սրացման առնչությամբ՝ պայմանավորված նրա` Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու և ընթացող դատավարության պայմաններով, կրկին նշել են, որ 2004-2006թթ. պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո Կարեն Ղազարյանը երբևէ չի ծառայել Հայաստանի զինված ուժերում:

Դավիթ Տոնոյանն իր հերթին նշել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ։

Դավիթ Տոնոյանը միաժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները Ղազարյանի՝ հայրենիք վերադառնալու հումանիտար բնույթի խնդիրը չեն դիտարկի հակամարտող կողմերի ռազմագերիների փոխանակման համատեքստում։

Օրերս Նոյեմբերյանում հանրահավաքից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կարեն Ղազարյանի ծնողների հետ:

Ավելի ուշ՝ արդեն «Ազատության» հետ զրույցում, վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ծնողների հետ զրույցում ասել է այն, ինչ մինչ այդ հրապարակային իր ելույթներում էր ասել՝ նպատակահարմար չի համարում «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով Կարեն Ղազարյանին փոխանակել հայկական կողմում, ավելի հստակ՝ Արցախում գտնվող ադրբեջանցիների հետ, ովքեր դատապարտված են ազգությամբ հայ քաղաքացիների սպանության գործով:

«Ես նաև ներողություն եմ խնդրել, որ մինչև հիմա մեր ջանքերը արդյունավետ չեն եղել», - հավելել է նա: