«Մարդկության տեսանկյունից ողբերգություն է այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, Ադրբեջանում և Արցախում: Չեմ ցանկանում հետ գնալ դեպի պատմություն», - հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո-ֆոն Գերիկեի համալսարանում դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանցի մասնակցի հարցին։

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանն ընդգծել է՝ պետք է անել հնարավոր ամեն բան՝ ստեղծելու արդար և խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար։

«Հայաստանն ունի նոր կառավարություն և նոր սահմանադրություն: Ես պետության գլուխն եմ, սակայն կառավարության ղեկավարը չեմ: Հիմա Հայաստանը նման է Գերմանիային: Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը պետք է բանակցի Իլհամ Ալիևի հետ: Իմ դերակատարումը կարող է լինել խորհուրդներ տալը:

Ուզում եմ մի կարևոր բան շեշտել. մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլև Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ ստեղծելու արդար և խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար: Արդյոք դա հեշտ է տրվելու՝ ոչ: Սակայն մենք պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր և մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ։

Ուստի ժամանակն է լուծել խնդիրը», - ասել է Հայաստանի նախագահը։