Նոյեմբերի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռազմաօդային ուժերում անցկացված մարտավարական զորավարժության մասին։ Վարժանքներին ներգրավվել են Ադրբեջանի ԶՈւ ՌՕՈւ զորամիավորումներ և զորամասեր։

Ըստ հաղորդագրության՝ զորավարժությունն անցկացվել է համաձայն նախապես հաստատված պլանի։ ՌՕՈւ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի, ղեկավարման օրգանները և ստորաբաժանոմները մանևրային գործողություններից հետո նոր դիրքեր են զբաղեցրել։

Շտաբներում և ստորաբաժանումներում իրականացրել են մարտի նախապատրաստման պլանավորման աշխատանքներ։ Ներգրավված ինքնաթիռները հարվածել են պայմանական հակառակորդի թիրախներին։ Նշվում է, որ վարժանքներն անցկացվել են բարդ լեռնային ռելիեֆի պայմաններում։

Վարժանքների ավարտին ստորաբաժանումները վերադարձել են մշտական տեղակայման բազաներ։ Նշենք, որ հաղորդագրության կից հրապարակված լուսանկարը վերցված է ավելի վաղ իրականացված զորավարժությունից։ Այս վարժանքներից տեսանյութ և լուսանկար չի հրապարակվել։

Հիշեցնենք, որ մինչ այդ՝ նոյեմբերի 16-20-ին, Ադրբեջանի բանակի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվել էին հրամանատարաշտաբային զորախաղեր, մարտական կրակով վարժանքներ՝ նաև ավիացիայի ներգրավմամբ։