Վրաստանի ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորումը, որի նախագահության թեկնածուն Գրիգոլ Վաշաձեն էր, չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները և հանրահավքի է կանչել իր կողմնակիցներին: Հանրահավաքը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի կենտրոնում՝ պահանջելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Վրաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նախագահի պաշտոնը կին է ստանձնել՝ Սալոմե Զուրաբիշվիլին: Ըստ Վրաստանի ԿԸՀ-ի, երկրորդ փուլում Զուրաբիշվիլին հավաքել է քվեների գրեթե 60 տոկոսը: Ընդդիմադիր «միասնական ազգային շարժում» Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել է մոտ 40 տոկոսը:

«Մենք չենք ընդունում այս ընտրությունները և չենք ճանաչում այս ընտրությունների արդյունքները: Վրաստանը չունի նախագահ, նախագահ ունի Բիձինա Իվանիշվիլին»,- ասել է Վաշաձեն իր կողմնակիցների հետ հանդիպմանը, հայտնում է «Sputnik Գրուզիան»:

«Դեկտեմբերի 2-ին խաղաղ ցույց կլինի, որը ցույց կտա իշխանություններին, թե ինչպիսին են իսկական, եվրոպացի վրացիները»,- ասել է նա: Ընդդիմադիրների հավաքի ժամանակ հեռահար կապով ելույթ է ունեցել նաև Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը սատարում էր Վաշաձեին: Նա ասել է, թե ընդդիմադիր թեկնածուն հաղթել է, բայց իշխանությունները կեղծել են ընտրությունները:

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախօրեին կոչ էր արել Վրաստանի քաղաքացիներին դուրս գալ բողոքի ցույցերի՝ պահանջելով նոր, արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Վաղվանից, անկախ արդյունքներից, մենք անցնում ենք զանգվածային անհնազանդության ակցիաների: Ես կոչ եմ անում Վրաստանի ոստիկանությանը, բանակին հեռու մնալ քրեածին մաֆիոզ բանդայից: Ես կոչ եմ անում Վրաստանի փրկությունը ձեր ձեռքը վերցնել»,- հայտարարել էր նա: