«Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը Սևանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ քաղաքական համակարգը պետք է հիմնված լինի երկու բևեռի վրա, որպեսզի կարողանա առաջ գնալ:

«Մեկ ուժի վրա հիմնված քաղաքական համակարգը նման է մեկոտանի մարդու, իսկ մեր կուսակցությունը կարող է այդ մյուս ոտքի՝ հավասարակշռող ուժի դերը կատարել»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

«Մենք լինելու ենք մի ուժ, որն այս փուլում ապահովելու է քաղաքական հավասարակշռությունը։ Իսկ երկարաժամկետ հեռանկարի համար մենք ունենք մեր շատ լուրջ ծրագիրը»,- ասել է Ավետիսյանը քարոզարշավի շրջանակներում։ Նա հավելել է, որ հարգանքով են վերաբերում նոր ստեղծված կուսակցություններին, բայց նրանք չեն կարող այդ բեռը իրենց վրա վերցնել։

Ավետիսյանը նշել է, որ իրենց պատկերացմամբ վերադարձված թալանը ծառայելու է սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ որպես մեկնարկային կապիտալ։

«Ընթացիկ քայլերից պետք է լինի նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկումը իրականությանը համապատասխանեցնելը։ Սրանք փոքր թվացող բաներ են, բայց իրականում համակարգ ստեղծող բաղադրիչներ են, որոնք եթե մենք ճշգրտենք և տեղը բերենք, շղթայական ռեակցիայով բերելու են էական բարեփոխումների»,- ասել է նա։

Անդրադառնալով անվտանգության, պաշտպանության ոլորտին՝ Ավետիսյանն ասել է.

«Մենք ներկայացնելու ենք ազգ-բանակ հայեցակարգը, որի հիման վրա նպատակ ունենք ձևավորելու պաշտպանական համակարգ»։