Ղրիմի Հանրապետության մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Լյուդմիլա Լուբինան հայտնել է, որ նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի ծովային սպաներին, տեղափոխում են Մոսկվայի կալանքի կենտրոններ։

Նշվում է, որ կազմվել է Մոսկվայի ու Ղրիմի քննիչների մեծ խումբ, որոնք պետք է քննեն նրանց գործերը։

Ավելի վաղ Ղրիմի դատարանը 2 ամսով ձերբակալել էր Ուկրաինայի 24 քաղաքացիների՝ նավաստիներ, ծովային սպաներ։ Նրանք ձերբակալվել էին նոյեմբերի 25-ին, երբ ռազմական 3 նավերով փորձել էին անցնել Կերչի նեղուցով, որի արդյունքում հատել էին ՌԴ ծովային պետական սահմանը։

Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի՝ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի անօրինական հատում հոդվածով, որով նախատեսվում է ազատազրկում մինչև 6 տարի։

Հիշեցնենք նաև, որ Կերչի նեղուցում տեղի ունեցածի պատճառով չեղարկվեց վաղը նախատեսված Պուտին-Թրամփ հանդիպումը։