Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքի տարածքում գտնվող քարածխի հանքավայրը առանց տարածքի վերաբերյալ իրավունքի գրանցման մոտ 3 տարվա բուռն գործունեությունից հետո չի գործում: Նշված հանքավայրում ներկայումս առկա է տեսանելի պատկեր:

Այս մասին նախօրեին Խորհրդարանում կայացած օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է պատգամավոր Վիլեն Սաֆարյանը՝ նշելով, որ հանքավայրում ծավալված աշխատանքների արդյունքում առաջացած սողանքի հետևանքով ավերվել է Հյուսիս-Հարավ ճանապարհի մոտ 200 մետրանոց հատվածը, որը հետագայում վերականգնվել է պետբյուջեի հաշվին:

«Ներկայումս սողանքը շարունակվում է հետընթաց զարգանալ, և նույն հատվածը կրկին հայտնվել է քանդվելու վտանգի տակ: Առանց ռեկուլտիվացիայի հնարավորության անվերադարձ կորցվել է մոտ 45 հա անտառապատ տարածք, որը վերածվել է լանդշաֆտի, կորցվել է նաև մոտ 13 հա վերալահող: Ավերվել են միջնադարյան շինություններ և գերեզմաններ: Արմատախիլ է արվել մոտ 20 հազար ծառ: Սակայն մինչ այսօր հայտնի չէ, թե ով է նշված իրավիճակի համար պատասխանատու»,- նշել է Վ. Սաֆարյանը:

Հարցի կապակցությամբ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանն ասել է, որ այդ մասով կարվի ուսումնասիրություն՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները, և արդյունքները կներկայացվեն գրավոր ձևով: