Հայաստանի ներկայացուցիչը պատրաստ է շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

«Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, այսինքն նոր ներկայացուցիչ նշանակել այդ պաշտոնում»,- ասել է Տոնոյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու նախադրյալներ Հայաստանը չի տեսնում:

«Չկան այդպիսի նախադրյալներ՝ ոչ աշխարհաքաղաքական, ոչ ռազմաքաղաքական, ոչ էլ՝ ռազմավարական»,- ասել է նա:

Տոնոյանը նշել է նաև, որ ՀՀ-ն ՀԱՊԿ համահիմնադիրներից է և խնդրահարույց հարցերի քննարկումը կազմակերպությունում «նորմալ երևույթ է»:

Նա հիշեցրել է, որ կազմակերպության շրջանակում չկա ընթացակարգ, որը կսահմաներ մինչ ժամկետի ավարտը գլխավոր քարտուղարի գործունեության դադարեցման կարգը:

«Այդպիսի ընթացակարգ է պետք, բայց այն նախատեսված չէ»,- ասել է Տոնոյանը։