Վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին դատական նիստին կշարունակի իր բողոքը ներկայացնել Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցով գործի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27-ին։ Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ինչն աննախադեպ երևույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:
Ավելի վաղ՝ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ-ի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։