Ֆրանսիայում շարունակվող «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաների մասնակիցները վնասել են Փարիզի Հաղթական կամարը: Վանդալները ներխուժել են թանգարանային տարածք և գլխատել են Նապոլեոնի մարմարե արձանը: Հնարավոր վնասը հասնում է 1 մլն եվրոյի: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի հուշարձանների պահպանության ազգային գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Բելավելը:

«Դեղին անթև բաճկոնների» շարժման մասնակիցները բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ:

Փարիզում ընթացող բողոքի ցույցերին մասնակցում է մոտ 10,000 մարդ: Նրանց անկարգությունները խոշորագույնն են համարվում ընթացիկ տասնամյակում: Ցուցարարներն այրել են ավտոմեքենաներ, ցուցափեղկեր: Առևտրականներից շատերը բողոքում են վնասներից, քանի որ պակասել է զբոսաշրջիկների թիվը, հայտնում է Deutsche Welle-ն:

Նշենք, որ ցուցարարները վառելիքի գների նվազումից բացի պահանջում են նաև հարկային բեռի թեթևացում և նվազագույն աշխատավարձի բարձրացում: Զուգահեռաբար CGT արհմիությունը հանրահավաք է անցկացնում Փարիզի Հանրապետության հրապարակում: