Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ «Լազարյան ակումբը» կարող է արդյունավետ հարթակ դառնալ տարբեր քննարկումների համար: Այդ մասին նա ասել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի և նորաստեղծ «Լազարյան ակումբի» մի խումբ անդամների հետ հանդիպմանը

Ըստ Արմեն Սարգսյանի, թեև հայ-ռուսական հարաբերությունները հաստատուն կերպով զարգանում են, սակայն, ժամանակին համընթաց, դրանք թարմացման, ընդլայնման կարիք ունեն՝ ընդգրկելով նոր ուղղություններ ու ծրագրեր, ներգրավելով նաև երիտասարդ սերնդին: Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է կրթության, մշակույթի, գիտության ոլորտում առկա հսկայական ներուժը և այն առավելագույնս օգտագործելու կարևորությունը: