«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրով առաջարկվում է ներդրողի ընտրությամբ ներդրումների կատարման պահին կիրառվող հարկային ռեժիմի մինչև 3 տարի ժամկետով պահպանման օրենսդրական երաշխիքի ներդրում։

Կուսակցությունն առաջարկում է նաև սահմանի վրա ԱԱՀ գանձման վերացում։

Հարկային համակարգի երկարաժամկետ վստահության ամրապնդման և պարբերական փոփոխությունները նվազեցնելու նպատակով կուսակցությունն առաջարկում է Հարկային օրենսգրքին տալ Սահմանադրական օրենքի կարգավիճակ:

Առաջարկվում է նաև թոշակների բարձրացմանը զուգահեռ թոշակառուների համար պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրում, թոշակների բևեռացման կրճատում, ընտանեկան նպաստների համակարգում երեխաներին ուղղված արտոնությունների տրամադրում՝ մանկական քարտերի ներդրում, մանկապարտեզներից, կրթական հաստատություններից անվճար օգտվելու իրավունք, նպաստառուների աշխատանքը խրախուսելու նպատակով ժամանակավոր արտոնությունների տրամադրում՝ եկամտային հարկի վերադարձի տեսքով, բազմազավակ ընտանիքների մասին օրենքի ընդունում՝ չափելի արտոնությունների տրամադրման նպատակով։ Առաջարկվում է տեղական դեղերի արտադրությունն ազատել ԱԱՀ-ից:

Կուսակցությունը հաղթելու դեպքում մտադիր է «Գյումրի քաղաքի մասին» օրենք ընդունել՝ աղետի գոտու վերականգնման, աղքատության կրճատման, ներդրումների խրախուսման, օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակով, մտադիր է կրթության և առողջապահության ոլորտների ֆինանսավորումն ավելացնել՝ ՀՆԱ նվազագույնը 5 տոկոսի չափով։