ԱԺ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում: Այդ մասին նրա գրառում է կատարել և տեսանյութ տեղադրել իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ հասել ենք նրան, որ «կարծիք հնչեցնելը արդեն դավաճանություն է համարվում»:

«Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը: Փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարևոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական ջանքերի արդյունք էր:

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից: Ասֆալտին փռելու մեջ չեմպիոն է: Ու քանի որ ժողովրդի սոցիալական հարցերը՝ հացի խնդիրը չի կարող լուծել, անցել է տեսարաններ, շոուներ բեմադրելուն: Եվ որպեսզի կոծկի իր խայտառակությունը ՀԱՊԿ-ում, այսօրվանից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը»,- ասվում է գրառման մեջ:

Նա հավելել է, որ Փաշինյանը, խախտելով անմեղության կանխավարկածը, ժողովրդի աչքին ու ականջին հաճելի պոպուլիզմով ու «37թ. ռեպրեսիվ տեսարաններով քաղաքականության է անցել՝ որպես գործիք օգտագործելով ԱԱԾ-ին՝ Բերիա-Վիշինսկու մեթոդներով»:

«Բայց մենք չենք նահանջի, երբեք չենք վախենա: Բոլոր հանցագործները, իհարկե, պետք է պատժվեն, եթե իսկապես կա հանցակազմ: Բայց քաղաքական ընդդիմախոսներին տոտալ ճնշումների միջոցով փորձել վախեցնել, չի հաջողվելու: Դեկտեմբերի 9-ին իրենց անակնկալ է սպասվում: Որովհետև մեր երկրում շատ են արժանապատիվ և մտահոգ քաղաքացիները, որոնք տարբերում են շոուն իրականությունից»,- ասվում է Շարմազանովի գրառման մեջ: