«Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորության թեկնածու Արտակ Կիրակոսյանը հայտարարել է, որ իրենք այլընտրանք են ընտրություններին մասնակից բոլոր ուժերին՝ հավելելով, որ քարոզարշավն այնքան էլ այնպես չի անցնում, ինչպես կցանկանային:

«Հույս ունեմ՝ գոնե վերջին հինգ օրում կձերբազատվենք սևի ու սպիտակի խաղից, որ խաղում են ՀՀԿ-ն ու Նիկոլ Փաշինյանը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա ընդգծել է, որ իշխանության եկող ուժի՝ «Իմ քայլի» կողմից հստակ տեսլական չի տեսնում։

Ասուլիսին ներկա «Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Անի Խաչատրյանն իր հերթին չի բացառել, որ քարոզարշավի հաջորդ օրերին ևս կլինեն նոր ձերբակալություններ, որոնք կխանգարեն քարոզարշավին։

«ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրանք կարելի էր առաջադրել ընտրություններից հետո կամ առաջ։ Օգտագործվում է վարչական ռեսուրսը։ Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի ուժը վերցնելու է 60 և ավելի տոկոսը»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց քարոզարշավը բավականին լավ է ընթանում, ինքն ընթացքից գոհ է։

Անի Խաչատրյանը նշել է, որ իրենք բոլոր մյուս ուժերից տարբերվում են արևմտամետ դիրքորոշմամբ, իրենց դաշինքի երկու կուսակցություններն էլ երկար տարիներ քաղաքականության մեջ են, և ԱԺ-ում իրենց լիդերների անհրաժեշտությունը շատ կա։

«Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու Հայկ Փատյանը ևս շեշտել է վարչական ռեսուրսի կիրառման հանգամանքը՝ նշելով, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին ինքը բազմիցս պետական պետհամարանիշներով ավտոմեքենաներ է տեսել։ Սա այն դեպքում, երբ վարչապետի պաշտոնակատարն արձակուրդում է և չի կարելի, որ այդ ընթացքում վերջինիս պետական նշանակության փոխադրամիջոցներ ուղեկցեն։

«Մենք ստեղծում ենք համակարգ, որը կախված է միայն մեկ մարդուց, այնինչ պետք է ստեղծենք մեկը մյուսին բալանսավորող համակարգեր»,- ասել է նա։