«Շատ կարևոր է, որ դուք ձեր հող ու ջրի մարդու ձայն տաք, որպեսզի այդ մարդիկ ձեր խնդիրների մասին բարձրաձայնեն»,- այս մասին այսօր Տավուշի մարզի Պառավաքար համայնքում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ պատգամավորը կամուրջ է, խողովակ քաղաքացու և պետական տարբեր ինստիտուտների միջև, որը քաղաքացիներից հավաքած խնդիրները դարձնում է նախագծեր ու առաջարկություններ։ Նա նշեց, որ օրինակ ինքը կառավարությունների բազմաթիվ որոշումների վրա ազդել է իմ առաջարկություններով:

Էդմոն Մարուքյանը գյուղացիներին կոչ արեց ընտրություններին ձայն տալ «Լուսավոր Հայաստան»-ին, իրենց կուսակցության ներկայացուցչին և հետագայում էլ իրենցից պահանջել խնդիրների լուծումը.

«Մենք մեր ամեն խոսքի տերն ենք, մեր ներկայացրած ծրագրային ցանկացած կետի համար պատասխանատու ենք»:

Նա նշեց նաև, որ «Լուսավոր Հայաստան»-ը նոր խորհրդարանում հավակնում է լինել երկրորդ ուժը:

Պառավաքարցիները հանդիպման ժամանակ բարձրացրեցին մի շարք հարցեր: Գյուղացիներից մեկն ասաց, որ օրինակ, խնդիրների դեպքում Արարատի մարզի բնակիչները ճանապարհ են փակում ու արդյունքի հասնում, մինչդեռ սահմանամերձ գյուղերի բնակիչների խնդիրները այդպես էլ լուծում չեն ստանում: Էդմոն Մարուքյանն ասաց, որ պետք է այնպիսի պետական համակարգ ունենանք, որ ճանապարհ փակելով հարցերը չլուծվեն:

Նա միաժամանակ նշեց, որ Արարատից ընտրված պատգամավորները խորհրդարանում հաճախ են բարձրացրել իրենց մարզում կարկտահարությունից տուժած, ոռոգման պատճառով հող չմշակող գյուղացիների խնդիրների մասին: Դրա համար, ըստ էդմոն Մարուքյանի, պետք է ընտրել այնպիսի մարդկանց, որոնք իրենց հարցերը կբարձրաձայնեն.

«Ընտրել եք էնպիսի մարդկանց, որ ձեր համար ոչ մի բան չեն անում: Ժամանակն է այնպիսի մարդ ընտրել, որ էդ մարդը ձեր հարցերը բարձրացնի»: