Ազգային ժողովը դեռ չի սկսել 14 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ կասկածվող Հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը։

Այսօր ժամը 10։00-ի դրությամբ 105 պատգամավորից գրանցվել է ընդամենը 12-ը, իսկ քվորում ապահովելու համար հարկավոր է 57 պատգամավորի ներկայություն։ Չորս ժամվա ընթացքում, եթե 45 պատգամավոր այնուամենայնիվ չներկայանա, նիստը կտապալվի և հարցի քննարկումը կտեղափոխվի վաղը։

Գլխավոր դատախազությունը երեկ տեղեկացրել է, որ 2015թ-ի սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ-ին զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 միլիոն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ըստ դատախազության, միաժամանակ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստացի Արամ Հարությունյանին են պատկանում Երևան քաղաքի մի քանի հասցեներում գտնվող առանձնատուն, բնակարաններ, Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գտնվող 7 հարկանի շենք, ռեստորանային համալիր, Երևանի Դ.Անհաղթ 10/1 հասցեում գտնվող ավելի քան 427 մլն դրամ կադաստրային արժեքով հասարակական նշանակության շինություն, Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում գտնվող ավելի քան մեկ տասնյակ գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Նրա կողմից հայտարարագրվել է ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը, ըստ դատախազության, բավարար հիմք է տալիս Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ելնելով վերոգրյալից, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողովին, ի դեմս Ազգային ժողովի նախագահի՝ տալու համաձայնություն Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն: