Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին պատգամավորության թեկնածուները ներկայացրել են իրենց ունեցվածքի հայտարարագրերը։ Թեկնածուների թվում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը։
Ըստ հայտարարագրի, 2017թ նոյեմբերի 1-ից 2018թ նոյեմբերի 1-ը Գագիկ Ծառուկյանի և իր կնոջ Ջավահիրի եկամուտները շահաբաժնից, աշխատավարձից, տված փոխառություններից ստացված տոկոսներից և այլ գործարքներից, Ծառուկյանը հայտարարագրել է շուրջ 4․207 մլրդ դրամ, 1,8 մլն եվրո և $333:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Ծառուկյանն ուներ $161․3 մլն, 29.073 մլն եվրո և 678,509,000 դրամ ($1.404 մլն) դրամական միջոցներ։ Դրանց հանրագումարը՝ 2018թ միջին փոխարժեքով՝ մոտ $195.806.784։
Ծառուկյանը բաժնեմասեր ունի 45 ընկերությունում, այդ թվում՝ «Արարատցեմենտում», «Կոտայք» գարեջրի գործարանում, «Երևանի Արարատ կոնյակի գինու գործարանում», «Օնիրա Քլաբում», «Զվարթնոց Հենդլինգում» ու տասնյակ այլ կազմակերպություններում։ Դրանց արժեքը չի նշվում։
8 մլն դրամ արժեքը գերազանցող գույքի թվում Ծառուկյանը թվարկել է 930 235 եվրո ընդհանուր արժողությամբ կահույքի 11 կոմպլեկտ, 251 799 եվրո արժողությամբ վարագույր, $1,8 մլն ընդհանուր արժեքով 6 ժամացույց (2-ը $0,5 մլն, 2-ը $0,3 մլն, 2-ը՝ $0,1 մլն արժողությամբ) $100 հազար արժողությամբ ոսկե շղթա ու 3 մատանի՝ 3 մլն, 1 մլն ու 0,7 մլն արժողությամբ։ Թվարկած գույքի ընդհանուր արժեքն է մոտ $7․846 մլն։
Անշարժ գույքից հայտարարագրվել է 8 հողամաս՝ 35,2 հա ընդհանուր մակերեսով, և մոտ 7 560 քառակուսի մետր մակերեսով 5 շինություն։
Ծառուկյանը հայտարարագրել է նաև 13 մեքենա՝ 2 Rolls Royce Prantom 6.7, 1 Bentley Bentayga, 2 Toyota Land Cruizer 200, 1 Toyota Land Cruizer Prado, 2 BMW X5 (1-ը՝ M կոմպլեկտացիայով), Mercedes G63 AMG, Toyota Tundra, Jeep Wrangler, Range Rover Sport, Nissan Patrol։
Անշարժ գույքն ու մեքենաները հայտարարագրված են որպես համատեղ սեփականություն։