ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի քարոզարշավը կառուցված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և դրա ղեկավարին քննադատելու վրա:

Սիմոնյանը նման կարծիք է հայտնել ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «Իմ քայլը» դաշինքն անընդհատ քննադատում է ՀՀԿ-ին։

«Իսկ ՀՀԿ-ն և մյուս կուսակցություններն ինչի՞ վրա են կառուցել իրենց քարոզարշավը: Նրանք կառուցել են մեզ քննադատելու վրա: Իրենց նյութերը կառուցված են մեզ քննադատելու վրա՝ Նիկոլ Փաշինյանի մի ասածն այսպես-այնպես փոխելով»,- ասել է Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ 25 տարվա ընթացքում ՀՀԿ-ն ղեկավարել է երկիրը, և նորմալ է, որ «Իմ քայլը» դաշինքի կողմից հենց այդ ուղղությամբ է քննադատություն հնչում։ Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ ընտրությունից հետո հանրապետականների նկատմամբ քննադատությունը կպակասի:

«Քանի որ վստահ եմ, որ ՀՀԿ-ն այլևս ներկայացված չի լինելու ԱԺ-ում»,- ասել է Սիմոնյանն ու հավելել՝ ժողովուրդը նման սխալ այլևս չի գործի: