«Հզոր բանակ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ հզոր տնտեսություն։ Այսինքն մեր անվտանգության  կոնցեպցիան կառուցված է տնտեսության հզորացման վրա»,- Նոր Հաճնում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր  Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ առանց տնտեսությունը ոտքի հանելու շատ անհիմն, հեղհեղուկ կլինի խոսել հզոր բանակի մասին.

«Ցանկացած երկրում զինված ուժերը պետք է հենվեն տնտեսության վրա»։

Է. Մարուքյանն ասաց, որ հայկական բանակն, իրապես, հերոսական բանակ է, ինչը ցույց է տվել ապրիլյան պատերազմը, բայց այդ ժամանակ բազմաթիվ խնդիրներ են ջրի երես բարձրացել։ 

«Մեր առաջնագիծը բավարար կահավորված չէ։ Առաջնագծում ունեցանք այդքան զոհ նաև այն պատճառով, որ դեռ 21-րդ դարում կենդանի ուժով ենք  կանգնած առաջնագծում։ Մենք պետք է ամբողությամբ նոր տեխնոլոգիաներով կահավորենք առաջնագիծը, ոչ միայն Արցախում, նաև Հայաստանում։ Ամեն ինչ պետք է անել, որ կենդանի ուժը հեռու լինի թշնամու նշանառու հրոսակներից»,- նշեց Է. Մարուքյանը։

Նա նաև կարևորեց պայմանագրային զինծառայողների թվի ավելացումը.

«Հիմա պայմանագրային են գնում նրանք, ովքեր այլ աշխատանք չեն ճարում։ Բայց սա լուծում չէ։ Պայմանագրային զինծառայողները պետք է շատ լավ հատուկ վերապատրաստում անցնեն, լինեն պրոֆեսիոնալ»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը խոսելով դիվանագիտության մասին՝ նշեց, որ Հայաստանը պետք է հարաբերությունները զարգացնի Եվրամիության հետ այն մակարդակի, որ լինեն ռազմավարական հարաբերություններ։ Նա ասաց, որ պետք է երկկողմանի զարգացվեն հարաբերությունները և ՌԴ-ի, և ԵՄ-ի հետ, նույնը ԱՄՆ-ի և Չինաստանի։

«Պետք է ունենանք ակտիվ, նախաձեռնողական, որոշ տեղում նաև ագրեսիվ դիվանագիտությունը, մեր բարեկամ երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելով, նոր բարեկամներ շահելով և հայկական ազգային շահն առաջ մղելու  ճաապարհով երկիրը զարգացնենք։ Հայաստանը տարածաշրջանում պետք է լինի ամենազարգացած ժողովրդավարությունը։  Մենք սրա բոլոր հիմքերն ունենք»,- ասաց Է. Մարուքյանը։

Խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին՝ նա նշեց, որ պետք է Ադրբեջանի և Հայաստանի միջև խախտված ռազմական բալանսը վերականգնվի.

«Այսօրվա խախտված ռազմական բալանսով մենք չենք կարող հայանպաստ լուծման հանգել, կհանգենք միակողմանի զիջումների»։