«Հայաստանի հանրապետական կուսակցության» երրորդ համար Դավիթ Շահնազարյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն է կանչվել։

Ավելի վաղ Դավիթ Շահնազարյանն իր մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որում նա Թավշյա հեղափոխությունն ավելի կարևոր հաղթանակ էր համարել, քան Արցախյան պատերազմում հաղթանակը, հայտարարել է, որ Միքայելյանի ասածները, «իրականում քաղաքական ծրագիր են, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն»: Նա նաև խոստացել էր, որ բոլորը դրանում կհամոզվեն:

«Այնպես, որ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը», ըստ էության դրանով իսկ ներկայիս իշխանությանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ», - ասել էր նա:

Նշված մեղադրանքը Դավիթ Շահնազարյանը պնդել և հաստատել է նաև դեկտեմբերի 4-ին նույն մամուլի ակումբում տեղի ունեցած իր հերթական ասուլիսի ընթացքում, որի ժամանակ հնչեցված նշված մեղադրանքը հիմնավորող կոնկրետ փաստեր կամ ապացույցներ չներկայացնելով, հայտարարել է, որ «բոլոր փաստերը չի, որ ներկայացրել է, որոնք ապացուցում են ներկայիս գործող վարչախմբի հակաարցախյան քաղաքականությունը»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի բնակչության անվտանգության երաշխավոր, և նկատի ունենալով, որ տեղի ունեցած ասուլիսներում Դավիթ Շահնազարյանի հնչեցրած հայտարարություններում առկա են պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր (թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության), նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-177-րդ հոդվածների կարգով հայտարարությունը դիտվել է որպես հաղորդում առանձնապես ծանր հանցագործության մասին, որը նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով քննարկվում է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում և ստուգվում են քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը:

Նշված հաղորդման քննարկման կապակցությամբ Դավիթ Շահնազարյանը գրությամբ դեկտեմբերի 5-ին հրավիրվել է ՀՀ ԱԱԾ վարչական շենք՝ հաղորդման կապակցությամբ, ըստ էության, բացատրություն տալու և այն հիմնավորող փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու համար:

Միաժամանակ, ԱԱԾ-ն առաջարկում է՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն Դավիթ Շահնազարյանի կողմից հայտնած վերոհիշյալ հնարավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն, ներկայանան ՀՀ ԱԱԾ:

Հաղորդման քննարկման արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելուց հետո: