«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այս պահին դռնեդուռ քարոզչություն է իրականացնում Երևան։ Նա եղել է մետրոպոլիտենում, առանձին թաղամասերում։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավ է իրականացրել Մետրոպոլիտենում։ Նա կայարաններում, գնացքում գտնվողներին, այդ թվում օտարերկրացիներին, բաժանել է բուկլետներ, զրուցել, լուսանկարվել ցանկացողների հետ, մինչև հասել է Բարեկամություն կայարան։ Այստեղ մի քաղաքացի Փաշինյանին խորհուրդ են տվել գործել Ստալինի պես, վարչապետի պաշտոնակատարը ծիծաղով ընդունել է առաջարկը։

«Երիտասարդական» կայարանում նա պատասխանել է լրագրողների հարցերին։

Անդրադառնալով Ուշակովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով, Փաշինյանն արձագանքել է։ Արման Եղոյանն էլ ասել է․

«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ես պատմել եմ լրագրողներին Արենի գյուղում։ Հայաստանը ոչ մի խնդրանքով ոչ մեկի չի դիմել։ Մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»։

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե պատրաստվո՞ւմ է ՀԱՊԿ թեմայով բացատրություն պահանջել Բելառուսի նախագահից ԵԱՏՄ նիստի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Իհարկե, տեսնենք, պիտի խոսենք մեր հարցերի մասին։ Բա հո չե՞նք հետաձգելու»:

Նիկոլ Փաշինյան պտտվել է թաղամասերում, բնակարանների դռները թակելով, քաղաքացիներին բաժանել է իրենց բուկլետները, զրուցել նրանց հետ:

Հարցին, թե Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավորության թեկնածուներին ԱԱԾ-ով է սպառնում, նա նշել է.

«Ընդհակառակը, ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում, քանի որ մեզ ասում են՝ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար: Եթե սա լռության մատնենք, պիտի ասեն՝ ուրեմն ծածկադմփոց են անում, ո՞ւր են նայում մեր իրավապահ մարմինները: Հիմա կարծում եմ՝ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին, և դա պետք է անի ընտրություններից առաջ: Եթե պարզվի, որ մենք դավադրության մեջ ենք, ժողովուրդն էլ իմանա և մեր նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի: Եթե պարզվի դա սուտ է, իմանանք, որ առնվազն ոմանք ստախոս են, ընդ որում՝ էժանագին»: