«Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ» խորագրով այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ մինչ քննարկումը կազմակերպելն իրենք կապ են հաստատել ընտրություններին մասնակից բոլոր ուժերի հետ՝ խնդրելով հաստատել կամ մերժել քննարկմանը մասնակցելու հրավերը։ Հստակ մերժում ստացվել է բացառապես ՕԵԿ-ից, իսկ ահա ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից և Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունից ոչ մերժել, ոչ էլ հաստատել են հրավերը։

Քննարկմանը ներկա ՀՅԴ պատգամավորության թեկնածու Գեղամ Մանուկյանը նշեց, որ ապօրինի հարստացման դեմ պայքարը պետք  է իրականացվի երկու վեկտորներով՝ հայտարարագրում-թափանցիկություն և հաշվետվողականություն։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Հերիքնազ Տիգրանյանն էլ նկատեց, որ այսօրվա օրենսդրական կարգավորումն ապօրինի հարստացումն անմիջականորեն կապում է հայտարարագրերի հետ, բայց սա թերի մոտեցում է, քանի որ իրենք առաջարկում են համակարգային լուծումներ.

«Այսօր մենք արդեն իսկ իրականացնում ենք իրավական կարգավորումներ, և պրակտիկան ցույց է տալիս, որ իշխանությունը հետամուտ է բացահայտելու ապօրինի հարստացման դեպքերը»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Ատոմ Մխիթարյանն իր հերթին ընդգծեց, որ հաշվետվողականությանը զուգահեռ՝ շատ կարևոր է հասարակության տեղեկացվածությունը։

«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Հայկ Գրիգորյանն էլ շեշտեց, որ իրենց նպատակն է ապօրինի հարստացման դեմ հատուկ օրենք ընդունել։ Օրենքն, ըստ նրա, հնարավորություն կտա վեցամսյա համաներման ժակետ սահմանել ապօրինի հարստացած անձանց համար՝ հնարավորություն ընձեռելով, որպեսզի վերջիններս ինքնակամ վերադարձնեն զարտուղի ճանապարհով ձեռք բերված գումարներն ու գույքը։

Քննարկմանը ներկա «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը ևս համաձայնեց նախորդ բանախոսի հետ՝ ընդգծելով, որ ապօրինի հարստացման դեմ պետք է լինի քաղաքական և տնտեսական լյուստրացիա, թալանված գումարները պետք է հետ բերվեն.

«Պետք է եռաշերտ վերահսկողություն լինի՝ պետական կառույցների, փորձագիտական և նաև մամուլի մակարդակով»։

Թեմայի շուրջ խոսեց նաև քննարկմանն ուշացումով ներկայացված «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը։ Նա հայտարարեց, որ անցումային արդարադատությունն այլընտրանք չունի, ապօրինի հարստացած անձանց պետք է արգելվի որոշ ժամանակ պաշտոններ զբաղեցնել, ավելին, այս խնդրի դեմ պայքարը պետք է տանել ոչ դասական մեթոդներով, քանի որ այդ մեթոդները կարող են անարդյունավետ լինել։