Կիևում իշխանությունները Արևմուտքից սպասում են կոնկրետ գործողությունների՝ Կերչի նեղուցում տեղի ունեցած իրադարձություններից հետո, ինչպես նաև ցանկանում են ՆԱՏՕ-ի նավերին հրավիրել Ազովի ծով։ Այս մասին Bloomberg-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն։

Ուկրաինայի նախագահին հարց էր տրվել, թե բավարարված է նա միջադեպին արևմտյան երկրների արձագանքից։ Պորոշենկոն այս առումով շնորհակալություն է հայտնել օտարերկրյա գործընկերներին։

«ԱՄՆ-ի, Մեծ Յոթնյակի, ԵՄ-ի, մեր մյուս գործընկերների հայտարարությունները կոշտ էին։ Սա հստակ աջակցություն է Ուկրաինային։ Սակայն, կարծում եմ, որ այս իրավիճակում, այն դեպքում, երբ արևմտյան գործընկերները հայտարարություններ են անում, Պուտինը գործում է»,- ասել է Պորոշենկոն։

Ուկրաինայի նախագահը նաև հավելել է, որ այս իրավիճակում «մենք ևս պետք է կենտրոնանանք նրա վրա, որ գործենք»։

«Գործել՝ չի նշանակում պատերազմ սկսել։ Գործել՝ նշանակում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ, հնարավոր է «ազովյան պատժամիջոցներ» անունով։ Բնականաբար, ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովում ու հնարավոր է նաև Ազովի ծովում»,- ասել է Պորոշենկոն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ուկրաինական ռազմական նավերը հատել էին, ինչպես ռուսական կողմն է հայտարարում, իր պետական սահմանի ջրերը, որի հետևանքով ռուսական կողմն առգրավել էր 3 նավերն ու ձերբակալել նավաստիներին։ Տեղի ունեցածը Ուկրաինան համարում է ՌԴ կողմից «ագրեսիա», իսկ Ռուսաստանը՝ «սադրանք»։