Դեկտեմբերի 5-ին «Երկկողմ ռազմական խորհրդակցություններ» են տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Պենտագոնի միջև: Խորհրդակցություններն ընթացել են Բաքվում ընդլայնված կազմով: Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է Ադրբեջանի ՊՆ անձնակազմի գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը, իսկ ամերիկյան կողմից՝ այցով Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդական Լաուրա Կուպերը, հայտնում է Haqqin.az-ն:

Ամերիկացիներն իրազեկվել են տարածաշրջանում իրավիճակի մասին: Կողմերը կարևորել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:

Միջոցառման ընթացքում կարծիքներ են փոխանակվել անվտանգության, ռազմական կրթության ոլորտում ադրբեջանա-ամերիկյան ռազմական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև ադրբեջանական խաղաղապահ գումարտակի ներկայությանն Աֆղանստանում: