ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018թ-ի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը:

Նախագծի համաձայն՝ 2018թ-ի դեկտեմբեր ամսին կհայտարարվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշեց, որ պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա է մինչև 70 բժիշկ-մասնագետ:

Զորակոչի շրջանակում մինչև 2018թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ կզորացրվեն նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները: