ԱՀ պետական բյուջեի միջոցներով 2018թ-ին Արցախի գիտական կենտրոնում իրականացվում է 11 գիտահետազոտական աշխատանք:

Այս մասին ասել է Արցախի գիտական կենտրոնի փոխտնօրեն Անյուտա Սարգսյանը՝ նշելով, որ ՀՀ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ ընթացիկ տարվա ապրիլի 1-ին գիտահետազոտական աշխատանքներից ավարտվել է 6-ը, իսկ  հոկտեմբերի 1-ից ընթացքավորվել է ևս 5 աշխատանք:

Ըստ փոխտնօրենի՝ 2018թ-ի օգոստոսին կենտրոնի կողմից հայտարարված մրցույթի արդյունքներով ներկայացվել է 12 գիտահետազոտական աշխատանքների թեմաներ: Տեխնիկական ստուգման և մասնագիտական փորձաքննության   արդյունքներով ընդունվել է 8-ը: Աշխատանքները 2019-2020թթ-ին կիրականացվեն ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

«Նախատեսված է 2019թ-ին ԱՀ պետական բյուջեով կենտրոնում ֆինանսավորել 14 գիտահետազոտական աշխատանք, իսկ  5-ն էլ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտությունների պետական կոմիտեի կողմից: Բոլոր թեմաներն էլ ունեն կիրառական նշանակություն: Թեմաներն ընդգրկում են ռազմավարական, գյուղատնտեսական, էկոլոգիական, կենսաբանական, պատմական, բարբառագիտական և քաղաքագիտական ոլորտները: 2018թ-ին կենտրոնում կիրառական  նշանակության երկու աշխատանք է իրականացվել, մեկը «Արցախլակտ» պրոբիոտիկ կաթնաթթվային նոր մթերքի  արտադրման, մյուսը՝ ԱՀ գյուղատնտեսության նախարարության արոտների բարելավմանն ուղղված աշխատանքների մասին»,- ավելացրել  է Ա. Սարգսյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտությունների պետական կոմիտեի կողմից  հայտարարված «Արցախի հետ համագործակցության ծրագիր 2018» մրցույթի արդյունքում ֆինանսավորման   երաշխավորված թեմաներն են «ԱՀ բնական խոտհարքների ուսումնասիրությունը», «Թռչող սարք», «Արցախի տարածքում էկոլոգիաերկրաքիմիական հետազոտություններ. շրջակա միջավայրի վրա Դրմբոնի պղինձ-ոսկու փակված հանքավայրի  ազդեցության գնահատում», «Պրոբիոտիկ կաթնաթթվային բակտերիաների համակցությունների հիման վրա նոր մերանների  տեխնոլոգիայի մշակումը», «Ընտրված դեղաբույսերի սիներգիկ հակաբորբոքային ազդեցության մոլեկուլային   մեխանիզմների «in vitro» ուսումնասիրություն և արտադրանքի թողարկման առաջարկությունների մշակում»:

Կառույցի պատասխանատուն տեղեկացրել է մրցույթին մասնակցելու պայմանների մասին.

«Այն անձիք, ովքեր գիտությունների թեկնածուներ են՝ պետք է ունենան 5 հրատարակված հոդված, որից առնվազն 3-ն առնչվի իրենց կողմից ներկայացված թեմային: Իսկ եթե գիտությունների թեկնածու չէ՝ հայտատուն պետք է ունենա 15  տարվա գիտամանկավարժական ստարժ և հրատարակած հոդվածներ: 

Ա. Սարգսյանը ասել է նաև, որ այս տարվա նոյեմբերին Արցախի գիտական կենտրոնի աշխատակցուհի Արևիկ Իսրայելյանը    պաշտպանել է «Արցախի տարբեր ընտանի կենդանիների կաթից անջատված կաթնաթթվային բակտերիաների և նրանց  մետաբիոտիկների ուսումնասիրությունը» թեմայով կենսաբանական գիտությունների թեկնածուական ատենախոսություն: