Geopolitika.lt կայքում հրապարակվել է ձայնագրություն, որտեղ ներկայացված է ԱԱԾ նախագահ Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցները: 

Տեսանյութը հրապարակվել է Blauside յութուբյան էջի կողմից դեկտեմբերի 4-ին: Վերջին գաղտնալսման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ հրապարակված նոր ձայնագրությունը ևս քննության առարկա կդարձվի:

«Գաղտնալսված և հրապարակված նոր ձայնագրությունը քննության առարկա կդարձվի ներկայումս ՀՀ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում և դրան կտրվեն քրեաիրավական գնահատականներ»,- ասել է Խաչատրյանը: 

Նշենք, որ նախկինում ևս մեկ ձայնագրություն էր հրապարակվել, որի վերաբերյալ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: