Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չարաշահումները վերաբերում են պահակախմբին, տենդերով շահել են, որ 24 հոգի պետք է աշխատի, բայց փաստացի աշխատում է 15 հոգի. լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ մարզահամերգային համալիրի տնօրենի հետ պայմանագիրը չի երկարաձգվել՝ չարաշահումների կասկածանքով:

«Ամսական 1 մլն դրամի մասին է խոսքը, որ վճարվում է այն գործի համար, որը չի կատարվում»,- ասաց նա:

Նարեկ Բաբայանի խոսքով՝ որոշակի ռիսկեր տեսել են նաև սահադաշտի հետ կապված:

«Մուտքերը, որ ցույց են տվել, իրականությանը չեն համապատասխանում, վստահաբար ավելի շատ մարդիկ են օգտվել սահադաշտից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է պայմանագրի խզմանը տնօրենի հետ, Նարեկ Բաբայանը նշեց, որ Վազգեն Ասատրյանը ծանուցված է եղել մայիս ամսին, որ պայմանագիրն ավարտվում է, նորը չի կնքվելու:

«Մեկամսյա ժամկետ կար, ըստ էության որոշումը պատրաստ էր, հրամանը իմ սեղանին, որ հուլիսի 1-ով ավարտվեր, բայց Ֆրանկոֆոնիայի միջոցառումներից ելնելով՝ հինգ ամսով երկարացրել են»,- ասաց նա:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը նշեց, որ նախատեսվում է մրցույթ անցկացնել հունվար ամսվա վերջին:

«Անելու են լայն իրազեկմամբ, որ բոլոր ցանկացողները ծրագրերով հանդես գան, որ լինի բաց, թափանցիկ և մրցակցային»,-ասաց նա: