Ղարաբաղյան հարցով բանակցությունները՝ արտգործնախարարների մակարդակով, կշարունակվեն հունվարին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Միլանում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո:

«Կարծում եմ, որ բանակցությունները, որոնք շարունակվեցին երեք ժամ, կարևոր և օգտակար էին՝ կողմերի դիրքորոշումներն առավել լավ հասկանալու առումով: Համաձայնություն ձեռք բերվեց շարունակել բանակցությունները նույն ձևաչափով նաև առաջիկայում, ամենայն հավանականությամբ՝ հաջորդ ամիս», - ըստ «Թրենդ» լրատվական գործակալության՝ ասել է Մամեդյարովը:

Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպման վերաբերյալ հաղորդել է, որ այն ևս «միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին»։ «Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում: