Ֆրանսիայի տեսարժան վայրերից Էյֆելյան աշտարակը դեկտեմբերի 8-ին փակ է լինելու այցելուների համար կապված այդ օրը Փարիզում «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի հետ։ Այդ մասին նշված է Էյֆելյան աշտարակի կայքում։ 

«Էյֆելյան աշտարակի անվտանգությունից ելնելով՝ դեկտեմբերի 8-ին ողջ օրվա ընթացքում այն փակ է լինելու այցելուների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ բոլոր նրանք, ովքեր շաբաթ օրվա համար տոմս է գնել, գումարը կվերադարձվի։

Հիշեցնենք, որ «Դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաները սկսվել էին Ֆրանսիայում նոյեմբերի 17-ին։ Նրանք մասնավորապես դեմ են բենզինի գնի բարձրացմանը։ Զանգվածային ցույցերն ուղեկցվել են ոստիկանների և ցուցարարների բախումներով, զանգվածային անկարգություններով։ Ցույցերի ընթացքում չորս մարդ զոհվել է, հարյուրավորները՝ վիրավորվել։

Դեկտեմբերի 1-ի անկարգության ժամանակ միայն Փարիզում ձերբակալվել է 412 մարդ, առնվազն 130 մարդ տուժել է, քաղաքին հասցվել է 3-4 միլիոն եվրոյի վնաս։