Կանադան առաջնային գործընկեր է Հայաստանի համար բազմաթիվ հարցերում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ հանդիպմանը:

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է Հայաստանի զարգացման օրակարգում հայ-կանադական փոխգործակցության առավել ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Կանադայի միջև հաստատված գործընկերային հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում` որպես համագործակցության արժեքավոր հարթակ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձևաչափը: Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու վարչապետերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց կատարման ընթացքին:

Երկուստեք նշվել է, որ առկա է լավ ներուժ աշխարհագրորեն միմյանցից հեռու գտնվող երկու ժողովուրդներին առավել մոտեցնելու համար՝ այդ գործընթացում որպես առաջնային ուղղություն դիտարկելով թվային օրակարգը: Ներկայացնելով նորարարության և բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության զարգացման ուղղությամբ Հայաստանի արձանագրած ձեռքբերումները՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է տվյալ ոլորտումներում Կանադայի հետ համագործակցության խորացման և փորձի փոխանակմանն ուղղված համատեղ ծրագրերի նախաձեռնումը:

Զրուցակիցները նաև ընդգծել են Կանադայում իր ուրույն դերակատարությամբ և կազմակերպվածությամբ աչքի ընկնող հայկական համայնքի կարևորությունը՝ որպես երկու բարեկամ երկրները միմյանց կապող կամուրջ: