Վերաքննիչ դատարանի այսօր հրապարակած որոշման համաձայն՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ և իրենց բողոքները մերժվել են: Դատարանի որոշման հիման վրա ՌոբերտՔոչարյանը կալանավորվելու է:

Վերաքննիչ դատարանը գործը քննել էր հինգ օրում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման վերաբերյալ որոշումը կրկին հասցեագրելով վերաքննիչ ատյանին: Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի որոշումը, որը նախկին նախագահին կալանավորելու որոշում էր կայացրել:

Ռ․ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, և թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։