Պրահայում հայտնաբերվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ում միջազգային մակարդակով հետախուզման մեջ էր գտնվում:

Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են դեկտեմբերի 6-ին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, որոնք ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն վարում էին՝ եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ գործակցությամբ:

Ոստիկանության հաղորդմամբ, հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:

Սարգսյանի դեմ հարուցված է քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: