Չարենցավանի թիվ 27/28 ընտրատարածքում միջադեպ է գրանցվել:

Տարեց կինը ընտրասենյակ մտնելուց առաջ` մանկապարտեզի շենքի միջանցքում ծալած լրագրի միջից թուղթ է հանել, կարդացել, այնուհետև թուղթը դրել է լրագրի մեջ և մտել ներս:

Մոտենալով քվեախցին` նա նորից գրպանից հանել է թերթը, դրա միջից հանել մի թուղթ, կարդացել և կատարել է ընտրությունը:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Նալթակյանը հետաքրքվել է, թե ում և ինչու են նկարահանում, որից հետո խնդրել է, որ դեպքով զբաղվեն ոստիկանները:

Ընտրասենյակից դուրս գալուց հետո տատիկից փորձ է արվել ճշտել, թե ինչ թուղթ էր պահել թերթի մեջ` գրպանում: Նա սկզբում ասել է, որ իր մոտ որևէ թուղթ չկա, ապա զայրացած գրպանից հանել է թուղթը և ասել, որ «շտաբից են տվել»: Որ շտաբից, ով է տվել, տատիկը հրաժարվել է պատասխանել` վրդովվելով ու զայրանալով հարցերից:

Թուղթը քվեաթերթի նմուշ էր, որի վրա կարմիր գրիչով նշան էր դրված ՀՀԿ թեկնածու Մնացական Մարատի Պողոսյանի անվան առջև: Տատիկն ասել է, որ ինքն է կարմիր գրիչով վրան նշել, որ կարողանա ընտրել:

Ընտրատեղամաս են ժամանել ոստիկաններ: Նրանք քաղաքացուն հարցեր տալուց հետո հայտնել են, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում: