Նոյեմբերի 17-ից Ֆրանսիայում հակակառավարական բողոքի ակցիաներ կազմակերպող «դեղին անթև բաճկոններ» շարժման մասնակիցները փողոցում գիլյոտին են տեղադրել՝ վրան երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակացության անվանումը գրած:

Հայտնի է, որ գիլյոտինը տեղադրվել է երկրի ֆինանսների նախարարի հայտարարությունից հետո, համաձայն որի բողոքի զանգվածային ակցիաներն աղետալի հետևանք կունենան տնտեսության ու զբոսաշրջության վրա:

Ցուցարարներն իրավապահների հետ բախումներից բացի հրկիզել են մեքենաներ, ջարդուփշուր արել խանութներ, ռեստորաններ ու զբաղվել վանդալիզմով: Ակցիաների մասնակիցները պահանջում են հարկերի իջեցում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, կենսաթոշակային արտոնություններ, ինչպես նաև Մակրոնի հրաժարականը:

Այսօր երկրի նախագահը պատրաստվում է ուղերձով դիմել ժողովրդին՝ նպատակ ունենալով հանդարտեցնել քաղաքացիական անհնազանդության ալիքը:

«Դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից: