Վարդենիկ գյուղը ձեռք է բերել գերժամանակակից կոմբայն
Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղապետարանը լիզինգային կարգով ձեռք է բերել ռուսական արտադրության «Վեկտոր-410» մակնիշի գերժամանակակից կոմբայն, որը եկող գյուղատնտեսական տարվանից կծառայի գյուղացիական տնտեսությունների կարիքներին:
Ինչպես տեղեկացնում է Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, հացահատիկահավաք կոմբայնը ձեռք է բերվել գյուղապետարանի միջոցների հաշվին, 44 միլիոն դրամ արժեքով:«Կոմբայնը գնել ենք լիզինգային եղանակով և պարտքը մարելու ենք 10 տարվա ընթացքում: Կոմբայնի առկայությունը գյուղացիական տնտեսություններին շահագրգռեց՝ աշնանացան ցորենի ցանք կատարելու, քանի որ նրանք արդեն վստահ են, որ իրենց բերքը կհավաքվի ժամանակին:
Ավելին, այն կարող է ծառայել նաև մեր հարևան համայնքների տնտեսությունների կարիքներին: Կոմբայնը հունձը կատարում է արագ ու անկորուստ: Այս տարի արդեն գյուղում կատարվել է 700 հեկտար աշնանացան: Կարծում եմ, որ որոշակիորեն կավելանան նաև գարնանացան հացահատիկի ցանքերը»,-հավաստեց Հովիկ Հովեյանը: